
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվա պայմաններում, երբ բժշկական ծառայությունների հասանելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Հայաստանի բժիշկների և կամավորների VIVA հիմնադրամը մեկնարկում է հեռաբժշկության լայնածավալ նախագիծ։ Այս նախաձեռնությունը կարող է փոխել առողջապահական սպասարկման իրավիճակը երկրի հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում։ Ծրագրի առաջին փուլում շրջանակում յոթ սահմանամերձ գյուղերում կբացվեն հեռաբժշկության կենտրոններ, որոնք հնարավորություն կտան բնակիչներին ստանալ բուժօգնություն հեռակա կարգով։
Առաջին կետը կբացվի ապրիլի 12-ին՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղում։ Նախագիծը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով նոր մարզեր, այդ թվում՝ Գեղարքունիքը և Տավուշը։
Ինչու է դա կարևոր։
Հայաստանի սահմանամերձ շրջաններում բժշկական սպասարկման վիճակը շարունակում է մնալ բարդ։ Շատ գյուղեր գտնվում են տասնյակ կիլոմետրեր հեռու պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից, իսկ բնակիչները հաճախ բախվում են բժիշկների, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների պակասի հետ։ 2022 թվականին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բարձրացրել էր գյուղական ամբուլատորիաներում և մարզային պոլիկլինիկաներում ենթակառուցվածքների ու մասնագետների պակասի հարցը։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի գյուղական բնակավայրերի կեսից ավելին դժվարությամբ է հասանելի դառնում նեղ մասնագիտացմամբ բժիշկներին։ Հեռաբժշկությունը կարող է լուծել այս խնդիրը՝ ապահովելով հեռավոր հասանելիություն որակյալ մասնագետներին և ժամանակակից ախտորոշման միջոցներին։ VIVA հիմնադրամի նոր նախաձեռնությունը, արդեն առաջին ամիսներին, կհասնի հազարավոր այն բնակիչներին, որոնք նախկինում դժվարությամբ էին ստանում մասնագիտացված բուժօգնություն։
Ինչպես է այն գործելու։
Հեռաբժշկության կետերե կհամալրվեն առցանց խորհրդատվության և իրական ժամանակում ախտորոշման սարքավորումներով։ Բնակիչները կկարողանան ստանալ խորհրդատվություն տարբեր մասնագիտացումների բժիշկներից, անցնել զննություններ և ստանալ նշանակումներ։ Յուրաքանչյուր կետում կլինի հերթապահ բուժքույր, որը կիրականացնի նախնական ընդունելություն և կապ կհաստատի նեղ մասնագիտացված բժիշկների հետ՝ տեսազանգի միջոցով։
Բացի այդ, VIVA-ի շարժական բժշկական խմբերը կշարունակեն այցելել համայնքներ՝ ապահովելով տեղում խորհրդատվություն և բուժում։ «Սկսած 2023-ից մեր հիմնադրամի շարժական բժշկական թիմերը եղել են գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում՝ օգնություն ցուցաբերելով թե նորածիններին թե տարեցներին: Շատերը տարիներով չեն դիմել բժշկի՝ տարբեր պատճառներով՝ զբաղվելով ինքնաբուժմամբ։ Այս մոտեցումը ցույց տվեց, թե որքան կարևորություն ունի շարունակական բժշկական աջակցությունը հեռավոր շրջանների բնակիչների համար։ Այս փորձը մեզ մեզ մղեց ստեղծելու համակարգային լուծում՝ հեռաբժշկության այս մեծածավալ ծրագիրը», — պատմում է բժիշկ և հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը։
Ծրագրի իրականացման մեջ վճռորոշ դեր է խաղացել Արթուր Գորոյանը, ով վերջերս միացել է VIVA թիմին որպես հիմնադրամի դեսպան և ապահովել է բժշկական սարքավորումների ու հատուկ տրանսպորտի գնման ֆինանսավորումը։ «Արթուր Գորոյանի աջակցությունն որոշիչ դարձավ ծրագրի իրականացման համար: Այժմ ունենք հնարավորություն օգնելու հազարավոր մարդկանց, որոնք ապրում են երկրի ծայրամասերում, և ապահովել նրանց որակյալ բուժօգնությամբ», — ընդգծում է Հովհաննիսյանը։
VIVA հիմնադրամը՝ 9 տարի կյանքեր փրկելու ուղիով։
Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամը ստեղծվել է 2016 թ․ Արցախի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ կամավորները դեղորայք եւ բուժսարքավորումներ եին հասցնում հակամարտության գոտի։ Այդ օրվանից ի վեր այն դարձել է Հայաստանի ամենաարդյունավետ բժշկական բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամը ոչ միայն ապահովում է հիվանդանոցներն անհրաժեշտ սարքավորումներով, այլ նաև կազմակերպում է կրթական ծրագրեր բժիշկների համար՝ հնարավորություն տալով վերապատրաստվել աշխարհի առաջատար կլինիկաներում, իրականացնում է առաջին օգնության դասընթացներ և այլ նախաձեռնություններ՝ առաջնորդվելով «բժշկական օգնություն՝ բոլորին» սկզբունքով։
Ինչպես գրանցվել խորհրդատվությանը:
Սահմանամերձ շրջանների բնակիչները կարող են դիմել իրենց ամենամոտ հեռաբժշկության կենտրոն կամ զանգահարել VIVA-ի թեժ գծին՝ խորհրդատվության գրանցվելու համար։
Ծրագրի մեկնարկը մեծ քայլ է Հայաստանի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման համար: Հեռաբժշկությունը, որը դեռ մի քանի տարի առաջ թվում էր հեռավոր ապագայի մաս, այժմ դարձել է իրականություն և փրկում է այն մարդկանց կյանքերը, որոնք առավել կարիքն ունեն բժշկական օգնության։