Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին պաշտոնապես կվերաբացվի` բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով:  Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ՝ չորս տարվա վերափոխումից հետո:

Պատկերասրահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2021-ից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձևավորվել ցուցասրահները:

Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները

Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցներն, այլ նաև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Սակայն պատկերասրահի նոր՝շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր` պահոցից։

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացվող մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված կլինեն հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների,  իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի , ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Այցելուները Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությանը կարող են ծոնոթանալ ապրիլի 16-ից:

220