Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սարիկ Մինասյանը Գյումրու ավագանու նիստի ժամանակ կառաջադրվի՞ քաղաքապետի թեկնածու, թե՞ ոչ, առաջիկայում Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտարարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Պետք է ուղղակի սպասել, այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի», - նշեց նա:

Հարցին` արդյո՞ք ՔՊ-ն պատրաստվում է ընդդիմադիր ուժերի հետ բանակցել` պակասող երեք ձայները ստանալու նպատակով, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք: Իրենք իրար հետ լավ բանակցում են: Իսկ մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է: Մնացածն էլ` ինչպես կդասավորվի: Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»:

«Իսկ հնարավո՞ր է քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցվի» հարցին ի պատասխան` Ալեքսանյանն ասաց. «Իշխանությունը ոչ մեկին չի բռնում: Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Այսինքն` պատճառահետևանքային կապը հետևյալն է` հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»: Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը` Ալեքսանյանն ասաց, որ Վարդան Ղուկասյանին միանալը «Kinder surprise» էր գյումրեցիների համար:

 

465