Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թ. ապրիլի 17-ին տեղի է ունեցել նոր կազմով Հանրային խորհրդի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնում են Հանրային խորհրդից, ողջույնի խոսքով հանդես է եկել Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով նաև խորհրդի գործունեության առաջնահերթությունները:

Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը՝ իբրև խորհրդի գերակա նպատակ համարելով հանրային կյանքի տարբեր ոլորտներում գործող պրոֆեսիոնալների և կառավարության լիարժեք հաղորդակցությունը: Խզմալյանն անդրադարձել է խորհրդի գործունեությունը կարգավորող օրենքի ու իրավական ակտերի լրամշակման ու ստեղծման, կառավարության անդմաների հետ ակտիվ փոխշփումների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատանքներն սկսելու անհրաժեշտությանը: Վերջինս փոխադարձ վստահության կառուցման գործում կարևորել է նաև քաղաքական զսպվածության, հարգանքի, բազմակարծության և համերաշխության պահպանումը: Ըստ նրա՝ Հանրային խորհրդի բարոյական առաքելությունն է հանրային լավատեսության խթանումը, կարող մասնագիտական ներուժի կենտրոնացումն ու գործադրումը:

Խորհրդի անդամները հավանություն են տվել ներկայացված տեսակետներին, հանդես են եկել դրանց վերաբերյալ առաջարկներով: Առանձին ելույթներով հանդես են եկել Հովիկ Մուսայելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գայանե Աբրահամյանը, Արմինե Մարգարյանը, Օլեգ Դուլգարյանը, Սուսաննա Խալաթյանը, Սոսի Թաթիկյանը, Դանիել Իոաննիսյանը և այլք:

Անդամները, արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, կարևորել են նաև նոր գրասենյակ ունենալու հանգամանքը, տեղեկատվական դաշտում դիրքավորվելու և հանրային իրազեկվածության ապահովմանն անհրաժեշտ գործիքակազմի ստեղծումը:

Հաջորդ նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հետ առաջիկա խորհրդակցությունների օրակարգը:

157