Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 9–ին, e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրվել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այն կքննարկվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Ըստ հիմնավորման՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով բնակչության, առողջապահական, կրթական, ջրամատակարարման, կապի համակարգերի և տնտեսության գործունեությունը: Նախագծում նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը հանդիսանում են բնական մենաշնորհ և ռազմավարական ենթակառուցվածք, որի խափանումն անմիջականորեն ազդում է ազգային անվտանգության և հասարակական կայունության վրա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի դադարեցման դեպքում Կառավարությունը բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը կամ գույքային համալիրը:
Սահմանված եռամսյա ժամկետում օտարում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը կարող են օտարվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:
Այս տարվա փետրվարի 17-ի գրությամբ ՏԿԵ նախարարը Կառավարության անունից ՀԷՑ-ի բաժնետերեր «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել ընկերության 100% բաժնետոմսերը: «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դիմել էր Վարչական դատարան ընդդեմ ՀԾԿՀ-ի՝ լիցենզիան դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն այդ հայցը, ինչպես նաև հայցի ապահովման միջնորդությունները մերժվել են:
Մեկ այլ վարչական գործով Վարչական դատարանը 2026 թվականի ապրիլի 18-ին բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կառավարության՝ ճանաչելով ընկերության 70% բաժնեմասի համաձայնեցված կարգով օտարման հնարավորության իրավահարաբերությունը մինչև 2026 թվականի մայիսի 25-ը:
Բաժնետերերի պատասխան-առաջարկն ստացվել է մայիսի 22-ն, սակայն սահմանված ժամկետի ընթացքում գույքը կամավոր տնօրինելու օրենքով նախատեսված իրավունքը չի իրացվել:
«Տաշիր Կապիտալ»-ը ներկայացրել է մեկ այլ հայցադիմում, որով պահանջում էր ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածով բաժնետոմսերի օտարման իրավահարաբերության բացակայությունը, Վարչական դատարանի որոշմամբ մերժվել է ընդունման փուլում:
Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ ՍԴ–ն 2026–ի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ անդրադարձել է «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված կանխարգելիչ միջոցառումներին և ժամանակավոր կառավարչի ինստիտուտին: ՍԴ-ն արձանագրել է, որ ժամանակավոր կառավարումը կիրառվում է վարչական վարույթի շրջանակներում, ունի ժամանակավոր բնույթ և նպատակաուղղված է համակարգի անխափան գործունեության ապահովմանը:
Ըստ որոշման հիմնավորման՝ ժամանակավոր կառավարումը ինքնին չի հանդիսանում էներգետիկ համակարգի երկարաժամկետ ու կայուն կառավարման վերջնական լուծում: Այս կոնտեքստում ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և օրենքով սահմանված կարգով դրանց օտարումը դիտարկվում են որպես համակարգի հուսալիության ապահովմանն ուղղված երկարաժամկետ միջոց: «Հաշվի առնելով ՀԷՑ-ի կողմից իրականացվող գործունեության բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար»,–ասված է հիմնավորման մեջ։