
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 27-ին «Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները Տավուշի մարզից կրկին մայրաքաղաք Երևանում էին՝ այս անգամ փոքր-ինչ հագեցած կրթական և մշակութային ծրագրով։
«Առավոտյան նրանք այցելեցին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ, որտեղ մասնակցեցին «Մի լուսանկարի պատմություն» ուսուցողական ծրագրին։ Երեխաներին ներկայացվեց Ջոտտոյի ընտանեկան լուսանկարչական ալբոմը, լուսանկարչության պատմությունը և հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչների դերը ոլորտի զարգացման մեջ։ Այս այցն առանց ինտերակտիվ հատվածի թողնել չէինք կարող: Ստեղծագործական մասում երեխաները ինքնուրույն կազմեցին և ձևավորեցին իրենց փոքրիկ լուսանկարչական ալբոմները՝ ծանոթանալով արվեստագետի կյանքին ու ստեղծագործական ուղուն։
Օրը շարունակվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Չարլին և շոկոլադի գործարանը» ներկայացումը։ Ռոալդ Դալի հանրահայտ հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված գունեղ և հեքիաթային պատմությունը լցրեց երեխաների օրը վառ տպավորություններով և հեքիաթային տրամադրությամբ։
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» շարունակում է իր առաքելությունը՝ բացահայտելով մշակույթի բազմազան աշխարհը արվեստասեր երեխաների համար՝ կրթելով, ոգեշնչելով և նոր դռներ բացելով նրանց ապագայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։