Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն ապրիլի 28-ին հյուրընկալեց նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին:

Իտալացի պրոֆեսորի այցի նախաձեռնողը Խաչատուր Սուքիասյանն է։

Անվանի պրոֆեսորի աշխատանքային այցը մեկնարկեց մանկական բժշկական հաստատության հնարավորությունների ներկայացմամբ, ինչին հաջորդեց կլինիկական բարդ դեպքերի քննարկումը, պացիենտների խորհրդատվությունը:

ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ բժշկական համալսարանի հիվանդանոցները ոչ միայն բուժական, այլև ուսումնական գործունեություն են ծավալում։

«Դրանով պայմանավորված՝ մենք շատ ենք կարևորում միջազգային համբավ ունեցող մասնագետների այցերը։ Շրջայցերի և պացիենտների կոնսուլտացիաների ժամանակ նաև կարևորում ենք մեր կլինիկական օրդինատորների և բարձր կուրսերի ուսանողների մասնակցությունը նմանատիպ այցերին։ Սա մի քանի հնարավորություն է տալիս․ նախ՝ մասնակից դառնալու աշխարհի լավագույն փորձին, շփվելու լավագույն մասնագետների հետ, բացի դրանից, գտնելու պացիենտների վարման՝ դպրոցների միջև եղած ոճաբանական տարբերությունները», – ընդգծեց պրոռեկտորը։

Խաչատուր Մարգարյանը շեշտեց, որ պրոֆեսոր Վիջեվանոյի այցը նպատակ ունի բարդագույն պացիենտների կոնսուլտացիաներ իրականացնել, և վստահություն հայտնեց, որ այն կդառնա շարունակական համագործակցության կարևոր հիմք։

«Փորձի փոխանակման արդյունքում ծնված գիտելիքը և պացիենտների վարման ոճաբանական մոտեցումները շատ կարևոր են։ Պետք է ասեմ, որ պացիենտների վարման ամբողջ ընթացքը բարձր գնահատվեց պրոֆեսոր Վիջեվանոյի կողմից, և ախտորոշման ու բուժման գործընթացում մեծ տարբերություններ չարձանագրվեցին, ինչը հերթական անգամ փաստում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում մատուցվող բժշկական ծառայության որակի մասին», – հավելեց պրոռեկտորը։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի համոզմամբ՝ արտերկրի գործընկերների այցերը համալսարանական հիվանդանոցների համար միշտ ունենում են լուրջ նշանակություն կրթական, բուժական և գիտական աշխատանքների տեսանկյունից։

«Իհարկե, շատ կարևորում ենք նաև բարդ դեպքերի քննարկումները, որոնք ունեն միջազգային մասնագետների կարծիքը լսելու կարիք։ Այս այցից հետո մենք ակնկալում ենք շարունակական կապ, համագործակցություն, անհրաժեշտության դեպքում՝ բարդ դեպքերի հեռավար քննարկումներ։ Սա հնարավորություն է՝ կատարելագործվելու, ծանոթանալու միջազգային փորձին, ինչու չէ, կիսելու նաև մեր փորձը, մեր դժվարությունները և ստանալու խորհուրդներ՝ ինչպես լուծել մեր խնդիրները սահմանափակ հնարավորությունների պայմաններում», – նշեց համալսարանական մասնագետը։

Իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի եռօրյա աշխատանքային այցը մեր երկիր առաջինը չէր․ տարիներ առաջ նա մասնակցել էր Հայաստանում անցկացված էպիլեպսիայի դասընթացին։

«Կարծում եմ՝ սա մանկական նյարդաբանական հիվանդությունների և էպիլեպսիայի ոլորտում մեր համագործակցության մեկնարկն է: Ե՛վ Հայաստանում, և՛ Իտալիայում պացիենտները նույն խնդիրներն ունեն, բայց այստեղ ավելի կարևոր են մոտեցումները և տեխնիկական հնարավորությունները, պացիենտների մշտադիտարկումը։ Միգուցե, անհրաժեշտ է ավելացնել գենետիկ և նյարդառադիոլոգիական հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը», – ընդգծեց իտալացի մասնագետը։

Ֆեդերիկո Վիջեվանոյի դասախոսությունը նվիրված էր զարգացման և էպիլեպտիկ էնցեֆալոպաթիային։ Նրա խոսքով՝ կարևոր է դիտարկել, թե ինչպիսի գենետիկ գործոններ են ազդել այս հիվանդությունների զարգացման վրա։

«Մեր նպատակն է կլինիկական օրդինատորներին ներկայացնել պացիենտներին տրվող խորհրդատվությունն ամբողջական մոտեցմամբ, այսինքն՝ մենք կենտրոնանալու ենք կոգնիտիվ զարգացման խնդիրների վրա՝ միևնույն ժամանակ դիտարկելով գենետիկ զարգացման հիմքերը», – ամփոփեց պրոֆեսորը։

220