Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 25-27-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման երկիրն ընտրելու հարցը։ Գործադիր խորհրդի անդամների որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի մարտին։

 Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։

ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հոկտեմբերի 23-ից հանդիսանում է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ։ 2024 թվականի հոկտեմբերի 22-23-ը տեղի ունեցած Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ընդհանուր 6-րդ գագաթնաժողովում Հայաստանն ընտրվել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ։

108