
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի 4060 աշակերտ է մասնակցել:
Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Սյունիքի մարզի Յու. Բաշխյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովտի Ա․ Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ մարզերի 540 դպրոցի ավելի քան 5400 աշակերտ է մասնակցել:
Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 6 դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել է 9460 աշակերտ՝ ՀՀ ավելի քան 604 դպրոցից:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։