
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ կարևորելով կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը։
«ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է սպորտի զարգացումն ու մասսայականացումը հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում: Սպորտի ռազմավարության առաջնային թիրախներից է Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, և այս առումով կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը Հայաստանում մեզ համար կարևոր փորձառություն է: Այս մարզաձևը լայն տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում, ուստի առաջնության անցկացումը կնպաստի ինչպես կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը, այնպես էլ 2027 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնության նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու հարցում և վստահություն հայտնել, որ այն իրադարձային կլինի հայկական մարզաշխարհի համար:
«Կարատեն ինստիտուցիոնալ մարզաձև է, և հույս ունեմ այս մրցաշարը կնպաստի Հայաստանում կարատեի նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը»,- ասել է Անտոնիո Էսպինոսը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության կազմակերպչական և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: