
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Մշակույթի սիրելի՛ գործիչներ, թանգարանների աշխատակիցնե՛ր, հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Արդեն 47 տարի մայիսի 18-ը խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրայնացման և հասարակության մշակութային կրթության կարևոր հենասյուն։
Հայաստանի թանգարանները ոչ միայն պահապաններն են մեր բազմադարյա պատմության ու ազգային հիշողության, այլև կենդանի հարթակներ են նորարարական ծրագրերի, կրթական նախաձեռնությունների և ստեղծագործ երկխոսության համար։
Թանգարանները միավորում են սերունդներին, բացում են մշակույթների միջև կամուրջներ ու խթանում հասարակության ակտիվ մասնակցությունը մշակութային կյանքին։ Վերջին տարիներին Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները։
Անցում ենք կատարում դեպի ժամանակակից, մարդակենտրոն թանգարանային մոդել, որտեղ թանգարանները դառնում են ոչ միայն ցուցադրական, այլև կրթական, հետազոտական և հանրային ներգրավվածության կենտրոններ։
Նշանավոր ձեռքբերումներից են միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության նոր նախաձեռնությունները, որոնց շրջանակում առավել նշանակալից էր Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձանի գլխի ու ձեռքի ցուցադրության կազմակերպումը Հայաստանի պատմության թանգարանում: Այս տարին նույնպես լի է բազմազան միջազգային համագործակցություններով։
Բառացիորեն օրեր հետո Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրություն կկայանա Նիդեռլանդների Դրենցի թանգարանի հետ, հաջորդ շաբաթ Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցադրություն կբացի Ֆրանսիայում՝ ներկայացնելով հայկական իմպրեսիոնիզմը, աշնանը ակնկալում ենք Լուվրի հետ համատեղ ցուցադրությունը պատմության թանգարանում և այսպես շարունակ։
Շարունակում ենք առանձնահատուկ կարևորություն տալ թանգարանների տարածական բարելավմանը:
Իրականացվել են վերանորոգումներ, ստեղծվել են հասանելիության նոր պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բոլորովին նոր հայեցակարգով ու արդիական ցուցադրությամբ վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահը:
Վերանորոգման աշխատանքներից հետո հանրության առջև իր դռները բացեց Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայանալով տեխնիկապես վերազինված և արդիականացված:
Մենք մեծ տեղ ենք հատկացնում նաև մշակութային ժառանգության պահպանման միջազգային փորձի փոխանակմանը, որի շրջանակում Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ միջազգային առաջատար մասնագետների միջոցով կազմակերպեցինք թանգարանային աշխատողների վերապատրաստումներ:
Ոլորտում լուրջ նախաձեռնություններ են իրականացվում նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով, որի ջանքերով մշակվում է թանգարանների հուշանվերային խանութների մեկ միասնական մոդել, հանրային հաղորդակցման նոր ռազմավարություն: Մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ ստեղծելու միջավայր, որտեղ յուրաքանչյուր թանգարան կարող է լիարժեք իրացնել իր առաքելությունը՝ կապ հաստատելով հանրության, կրթության ու գիտության միջև։
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա թեման՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», համահունչ է մեր որդեգրած ռազմավարությանը։
Թանգարաններն այսօր՝ ավելի քան երբևէ, հարթակ են՝ վերաիմաստավորելու անցյալը, կառուցելու ներկան և ձևավորելու մշակութային երկխոսության վրա հիմնված ապագան։
Սիրելի՛ թանգարանային աշխատակիցներ, ձեր նվիրվածությունը, մասնագիտական հմտությունը և սիրով կատարվող աշխատանքը մեծապես նպաստում են մեր ժառանգության արժևորմանն ու փոխանցմանը։
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ազնիվ առաքելության համար, որ իրականացնում եք։
Թող այս օրը նոր լիցք ու ներշնչում հաղորդի ձեզ ձեր առաքելության մեջ։
Մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, նորանոր հաջողություններ և մշտական հպարտություն ձեր վաստակի համար»։