
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող Նոր Արեշ 35-րդ փողոցում վիրավոր քաղաքացի կա։
shamshya.com-ի տեղեկություններով, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վալդ Բազունցի գլխավորությամբ։
Ոստիկանները ու պարեկները նշված վայրում, Պարույր Սևակի անվան դպրոցի մոտ հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած մի տղամարդու, ում առաջինը օգնության են հասել նշված փողոցում ապրող քաղաքացիները՝ այդ թվում երիտասարդ տղաներ, ովքեր ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին։
Բժիշկները նաև փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, բայց հրաժարվում էր։
Ոստիկանները պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, ով հստակ չէր կարողանում պատասխանել, թե որտեղ է բնակվում, իսկ համայնքային ոստիկանները, երբ ցանկացան նրան տեղափոխել տարեցների խնամքի կենտրոն, նա հրաժարվեց։
Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, դեպքի հանգամանքները ու թե որտեղ և ինչ պայմաններում է վնասվածք ստացել։