Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի Էմիրը ընդգծել է Քուվեյթը և Հայաստանը միավորող բարեկամական կապերն ու պատրաստակամություն հայտնել նպաստել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև գոհունակությամբ է անդրադարձել Քուվեյթում բնակվող հայկական համայնքի դերակատարությանը երկրի հասարակական կյանքում։

Դեսպան Առաքելյանը Քուվեյթի Էմիրին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել քուվեյթյան իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության և ստեղծված արժանապատիվ պայմանների համար։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Հայաստան-Քուվեյթ հարաբերությունների բարեկամական և փոխվստահության վրա հիմնված բնույթը, ինչպես նաև շեշտվել է երկկողմ համագործակցության օրակարգը զարգացնելու ու առաջ մղելու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպան Առաքելյանը շնորհակալություն է հայտնել՝ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը սատարելու Քուվեյթի անփոփոխ դիրքորոշման համար, նկատելով, որ Հայաստանն իր հերթին սկզբունքորեն մերժում է հակամարտությունները զենքի ուժով լուծելու մոտեցումը և բոլոր ջանքերը գործադրում է միջազգային հարարբերություններում այդ սկզբունքի գերակայությունն ապահովելու համար։

182