Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք Հայաստանում լրջագույն խնդիր ունենք՝ կապված զորակոչի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր առաջարկած օրենսդրական այն նախագիծը, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։

Նրա խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից և այդ ճանապարհներից առաջինը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն է։

«2020-24թթ.-ին 8700 արական սեռի քաղաքացի գնացել է այս ճանապարհով, որ լուծի խնդիրը»,-ասաց նա։

Ըստ նրա, քաղաքացիությունից հրաժարվելու համար այսօր ընդամենը 25 000 դրամ են վճարում․ «Առաջարկում եմ՝ դա դարձնենք 15 մլն դրամ, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կտրուկ նվազի։ Իսկ եթե, այդուհանդերձ, գտնվեն քաղաքացիներ, որոնք պատրաստ են գնալ այդ ճանապարհով, վճարված գումարի միջոցով լրացնեն այդ բացը»։

Բացի այդ, Հայկ Սարգսյանի ներկայացմամբ, 10 000-ից ավելի քաղաքացիներ գտնվում են հետախուզման մեջ՝ բանակում չծառայելու համար, գտնվում են ՀՀ սահմաններից դուրս.

«Կեսը մինչև 27 տարեկան տղաներն են։ Այսօր բանակ է զորակոչվում զորակոչի ենթակա երիտասարդների 30-40 տոկոսը, կարծում եմ՝ այս թիվն առվազն 50 տոկոսով պետք է շատացնենք»,–ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ պետք է ծառայությունը գրավիչ դարձնել և զինծառայողներին վճարվող գումարները պետք է բարձրացվեն. «Այն քաղաքացիները, որոնք քաղաքացիությունից կհրաժարվեն և կտան 15 մլն դրամ, կամ այն քաղաքացիները, որոնք կվճարեն կարճ ծառայելու համար․․․ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողներին»,-ընդգծեց Հայկ Սարգսյանը։

232