
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
ԱԺ փոխնախագահը կարևորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների և պաշտպանության նախարարությունների միջև երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարևոր քայլ է որակել:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն է տրվում Հայաստանի անդամակցությանը «Միջազգային արևային դաշինքին», որը Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությունն է: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ սա նույնպես նոր հնարավորություններ է բացում ոլորտում համագործակցության համար: Նա ընդգծել է, որ մեր երկիրը գնահատում է Հնդկաստանի աջակցությունը Հայաստանի՝ 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու հայտին: Նշվել է, որ միջազգային համագործակցության տեսանկյունից Հայաստանը կարևորում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչպես նաև հետաքրքրված է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» և Չաբահար նավահանգստի նախագծի շրջանակներում համատեղ ծրագրերով:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարևորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների և կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին: Նիլակշի Սահա Սինհայը ներկայացրել է Հնդկաստանի և Պակիստանի սահմանին ստեղծված լարվածությունը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում: Նրա համոզմամբ՝ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են հանգեցնել տևական կայունության ու տարածաշրջանային զարգացման:
Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ոլորտներում համագործակցության հնարավորություններին: