

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս այցը նշանավորվեց ֆրանսիացի գործընկերոջս հետ «Մտադրությունների մասին» ստորագրմամբ, որը կանխատեսում է ավելի սերտ համագործակցություն մեր երկու գերատեսչությունների միջև, ներառյալ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում, համագործակցություն եվրոպական և այլ գլոբալ միջազգային հարթակներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ կարևորում են այն համգամանքը, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի այցը տեղի է ունենում հենց «Երևանյան երկխոսություն» օրերին և այդ ֆորումի շրջանակներում։
«Ուզում եմ, իհարկե, անդրադառնալ այլ թեմաների, որոնք այսօր առիթ ենք ունեցել քննարկելու: Քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը, և մեր համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս: Միաժամանակ, գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի նորակառույց ջրամբարը: Սա, իհարկե, միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է ՀՀ-ի դիմակայության ամրապնդմանը և նաև տնտեսական զարգացմանը: Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք կարող քննարկվել: Այստեղ ուզում եմ, իհարկե, արժանին մատուցել մեր երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Մակրոնին, ում միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է, որ մենք կարող ենք այսպիսի մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որն ունի իր հիմքերը, որը խարխսվում է նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության և սիրո վրա:
Ի թիվս ոլորտների, մենք քննարկել ենք ենթակառուցվածքները: Մենք տեսնում ենք, որ ֆրանսիական հետաքրքրությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, կառուցման գործում աճում է, և հուսով եմ՝ առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք:
Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայստանի համար ռազմավարական նշանակություն շրջանների զարգացմանը և դրանց դիմակայության ավելացմանը, և այս համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը, այստեղ էլ պետք է որ լավ նորություններ ունենանք շատ կոնկրետ»,- նշեց Միրզոյանը: