
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։
Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։