

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է ավիաընկերություններից մեկի վերաբերյալ հարուցված վարույթին, որը կապված է պետական աջակցության ծրագրի հետ։
Նրա խոսքով՝ իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը օրերս բարձրաձայնել է այդ հարցը՝ նշելով, որ ծրագրի արդյունքում ընկերությունում դժգոհություն է առաջացել՝ կապված հակամրցակցային պայմանների ձևավորման հետ։
«Ասվեց, որ ընկերության բողոքի հիման վրա վարույթ է հարուցվել։ Եթե այդ վարույթի արդյունքում պարզվի, որ աջակցության որոշումը բացասաբար է անդրադարձել մրցակցային միջավայրի վրա, այդ ժամանակ ես կհարցնեմ Մրցակցության հանձնաժողովին, թե ինչու այդ որոշումը ընդունելու ժամանակ համապատասխան եզրակացություն չի տրվել»,- ընդգծեց Թունյանը։
Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ անկախ այն հանգամանքից, թե որքան են ընդլայնվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները, նույնքան էլ պետք է այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործվեն։
«Օրենքով աշխատող, բարեխիղճ տնտեսվարողը չպետք է զգա պետական կառույցների անտեղի միջամտությունն իր գործունեությանը», -ասաց Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի ԱԺ նիստում ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել էր, որ FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել՝ որպես հիմք ընդունելով անհավասար մրցակցային պայմանները։