
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում անդրադառնալով անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կամ տարածման հարցին, ասաց, որ կառավարության օրակարգում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության նախագիծը, և հույս հայտնեց, որ վաղը այն կհաստատվի։
«Այնտեղ հատուկ ուշադրություն կա անչափահասների կողմից և անչափահասների ներգրավմամբ կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի դեպքերին եւս։ Եվ ասեմ, որ անչափահասների թեստավորման մասով հստակ կա ձեւակերպված, որ պետք է այս հարցը դառնա ուսումնասիրության առարկա, եւ մենք պետք է լուծում նախատեսենք։ Լուծումները երկուսն են՝ մենք համապարտադիր կանոն ենք դարձնում, որ բոլոր անչափահասները կամ այդ տարիքային խմբի անձինք մինչեւ 18 տարեկանը պետք է հանձնեն թեստեր, կամ նախատեսում ենք կամավորության սկզբունքով թեստավորման հանձնման կանոնը»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ տարբեր երկրների փորձառություններ են ուսումնասիրել եւ միջազգային փորձում չկա միասնական մոտեցում՝ թե պարտադիր եղանակն է հիմա ճիշտ, թե կամավոր եղանակը։
Ի դեպ, Սարգսյանը հայտնել էր, որ 2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համեմատությամբ ավելի է շուրջ 202 կիլոգրամով։