Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղմմանն ուղղված միջոցառումների՝ գյուղատնտեսական ապահովագրության, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, կարկտահարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ: Զեկուցվել է նաև մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կառավարման, գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկա վիճակի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետության ուսումնասիրությունների վերաբերյալ: Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ըստ պատասխանատուների՝ դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

127