
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Tesla-ի ու SpaceX-ի սեփականատեր, կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախկին ղեկավար Էլոն Մասկը հունիսի 5-ին սոցիալական ցանցերում բուռն բանավեճի մեջ են մտել։
Araratnews.am-ը ներկայացնում է նախկին համախոհների առցանց բանավեճը, որով մեկը մյուսին փորձել են «հաղթել»՝ անգամ ծանր հացագործությունների մեջ մեղադրելով։
Թրամփը, մասնավորապես, սպառնացել է Մասկի ընկերություններին զրկել սուբսիդիաներից, իսկ Մասկը պատասխանել է, որ SpaceX-ը անմիջապես կդադարեցնի Dragon տիեզերանավի շահագործումը։
Այս տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում քննադատել է Մասկին հարկային արտոնությունների և բյուջեի երկարաձգման վերաբերյալ հանրապետական օրինագծի վրա վերջերս իր հարձակումների համար։
«Ես կնախընտրեի, որ նա քննադատեր ինձ, ոչ թե օրինագիծը, քանի որ օրինագիծը աներևակայելի է», - ասել է Թրամփը։ Նա ենթադրել է, որ Tesla-ի ղեկավարը «զայրացած է, քանի որ մենք խլեցինք էլեկտրական մեքենաների արդյունաբերության խթանները, որը միլիարդավոր դոլարներ է»՝ ընդգծելով, որ Մասկը սկզբից գիտեր փաստաթղթի «ամբողջ ներքին պատմությունը»։
Մասկը պատասխանել է Թրամփին X սոցիալական ցանցում գրառմամբ։ Նա սուտ է անվանել էլեկտրական մեքենաների արտադրողների համար արտոնությունների չեղարկման վերաբերյալ օրինագծի մանրամասների մասին իր իմացությունը, ինչպես նաև հայտարարել է, որ առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր հաղթի ընտրություններում, և հանրապետականները չէին կարողանա վերահսկողություն հաստատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ «Նման անշնորհակալություն», - նշել է նա։
Իր հերթին, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ակնարկել է Մասկի ընկերությունների սուբսիդիաները դադարեցնելու հնարավորության մասին։ «Բյուջեում միլիարդավոր դոլարներ խնայելու ամենահեշտ ճանապարհը Իլոնի կառավարության սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ Ես միշտ մտածել եմ, թե ինչու Բայդենը դա չարեց»,- գրել է նա։ ԱՄՆ նախագահը նաև գրել է, որ Մասկը «պարզապես խելագարվել է», երբ Թրամփը խնդրել է նրան հեռանալ կառավարությունից։
Մասկը դրան պատասխանել է, որ ժամանակն է «իսկական ռումբ նետել», և գրել է, որ Թրամփը ներկայացված է այսպես կոչված «Էպշտեյնի ֆայլերում»՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի փաստաթղթերում, որը մեղադրվում էր անչափահասների սեռական շահագործման նպատակով առևտրի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ «Սա է ֆայլերի երբեք չհրապարակման իրական պատճառը», - գրել է Մասկը։ Նա չի ներկայացրել որևէ ապացույց իր պնդումները հիմնավորելու համար։
Այնուհետև Մասկը հայտարարել է, որ իր SpaceX ընկերությունը կդադարեցնի Dragon տիեզերանավի շահագործումը։ Ներկայումս դա միակ տիեզերանավն է, որի միջոցով NASA-ն կարող է տիեզերագնացներ հասցնել Միջազգային տիեզերակայան՝ առանց ռուսական «Սոյուզ»-ի օգնությանը դիմելու։
«Իմ կառավարական պայմանագրերը չեղարկելու նախագահի հայտարարության լույսի ներքո, SpaceX-ը անմիջապես կսկսի իր Dragon տիեզերանավը շահագործումից հանելը», - գրել է Մասկը։ Նա նաև ասել է, որ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և նրան պետք է փոխարինի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Վեճի ֆոնին Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերը երեք ժամվա ընթացքում ընկան ավելի քան 15%-ով։ Այնուհետև դրանք մի փոքր բարձրացան, որից հետո շարունակեցին կտրուկ անկում ապրել։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի քարոզարշավի ամենամեծ դոնորներից մեկն էր, և հանրապետական նախագահի ընտրվելուց անմիջապես հետո նա զբաղեցրեց Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որի հայտարարված նպատակն էր կրճատել բյուջետային ծախսերը, այդ թվում՝ «անարդյունավետ» պաշտոնյաներին աշխատանքից ազատելով։
Ապրիլից ի վեր Մասկը և Թրամփը գործնականում դադարեցին միմյանց հիշատակել սոցիալական ցանցերում, իսկ մայիսի 30-ին Tesla-ի սեփականատերը հրաժարական տվեց DOGE-ի ղեկավարի իր պարտականություններից՝ պաշտոնապես դա բացատրվեց նրանով, որ հատուկ պետական ծառայողի պաշտոնը, որը նա պաշտոնապես ուներ, չի կարող զբաղեցնել տարվա 130 օրից ավելի։ Այս օրը Թրամփը և Մասկը համատեղ մամուլի ասուլիս տվեցին, որի ընթացքում նրանք գովեստի խոսքեր ասացին միմյանց մասին։