Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն այցելել են Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նշված ճանապարհի 2 հատված՝ 11.5կմ ընդհանուր երկարությամբ։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Փարպի և Ղազարավան բնակավայրերով։ Այստեղ շինարարը տեղադրում է ջրահեռացման վաքեր, բազալտե եզրաքարեր, կառուցվում են մայթեր։ Կատարվել է մոտ 30 արհեստական կառուցվածքների տեղադրում՝ մետաղական և երկաթբետոնե խողովակներ։

Ճանապարհն ունի երթևեկության մեծ ինտենսիվություն, գտնվում էր անբարեկարգ վիճակում, և այն նորոգելու մեծ անհրաժեշտություն կար։ Առաջիկայում կսկսվեն հողային պաստառի կառուցման, այնուհետև՝ ասֆալտբետոնե շերտի տեղադրման աշխատանքները։ Ճանապարհը նաև կկահավորվի անվտանգության տարրերով։

Արկադի Չերչինյանն ու Թովմաս Շահվերդյանը դիտարկել են նաև Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք այս պահին ավարտական փուլում են։

272