Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից` ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

 

Աշխատաժողովի նպատակն է Միջազգային քրեական դատարանի կառուցակարգերի վերաբերյալ դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը։ Աշխատաժողովին որպես բանախոս են հանդես եկել միջազգային հեղինակավոր փորձագետներ, դատարանի ընթացակարգերը ներկայացրել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր Բեթի Հոլերը։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության համակարգմամբ Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։

 

Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ներպետական օրենսդրության մեջ Հռոմի կանոնադրության իմպլեմենտացման, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորությանը և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությանը՝ արդյունավետ համագործակցության համար։

Աշխատաժողովին ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

177