Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, կարողությունների զարգացման շուրջ համագործակցության խորացմանը և առևտրատնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին։

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Աֆրիկյան մայրցամաքում տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Վ. Կոստանյանը եթովպական կողմին է ներկայայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

95