
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ վերնագրելով այն «Հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարած հրապարակումների առնչությամբ»։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կարևոր է, որպեսզի փաստաբանները պահպանեն էթիկայի և վարքագծի կաննոնները, իսկ փաստաբաններին ներկայացնող մարմինները հակազդեն այն բոլոր դեպքերին, երբ խախտվում են նշված կանոնները՝ հատուկ անդրադարձ կատարելով նաև փաստաբանների կողմից ատելության խոսքի լուրջ տարածում ունեցող դրսևորումներին, երեխաների իրավունքների հետ կապված խնդիրների։
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են՝ հայտարարությունն ունի Փաստաբանների պալատին ուղղված գործընկերային համատեքստ և խոսույթ։
Պաշտպանը ևս իր հարցազրույցներում, անդրադառնալով տարբեր դերակատարների կողմից արգելված խոսքի տեսակների գործածության տարածված դրսևորումներին, շեշտադրել է այն հանգամանքը, որ ցավալիորեն նման խոսք տարածվում է ոչ միայն հանրային իշխանություն իրականացնող պաշտոնատար անձանց, այլ նաև մասնագիտական համայնքների կողմից՝ հատուկ ընդգծելով փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածման դեպքերի մեծաքանակությունը, դրա անթույլատրելիությունը, փաստաբաններին ներկայացնող մարմինների կողմից այդ երևույթներին հակազդելու և այդ առումով նշված մարմինների բարեփոխման կարևորությունը։
Այս ամենին ի պատասխան՝ Փաստաբանների պալատը տարածել է փաստաբանների էթիկայի և վարքագծի կանոնների խախտումներն ու ատելության խոսքի տարածումը փաստացի արդարացնող հայտարարություն։
Նշվում է, որ Փաստաբանների պալատի տարածած հայտարարության շրջանակներում փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդրադարձել է իր նկատմամբ փաստաբանների քննադատություններին և դրա հիման վրա առաջարկել է բարեփոխել փաստաբանական համայնքը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի բոլոր հարցազրույցներում խոսքը որևէ կերպ չի վերաբերել ՄԻՊ հաստատության հետ կապված փաստաբանների հնչեցրած խոսքին։
Պաշտպանն անընդհատ խոսել է փաստաբանների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող տարբեր հիմքերով ատելության և արգելված խոսքի այլ դրսևորումների մասին։
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ անընդունելի է փաստաբանների կողմից անձանց սեռի, գենդերային ինքնության, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, էթնիկ պատկանելության և այլ հիմքերով ատելության խոսքի տարածումը, որը ցավալիորեն լուրջ ծավալներ ունի Հայաստանում։
Անընդունելի ենք համարում ոչ միայն փաստաբանների կողմից նման խոսքի տարածումը, այլ նաև արգելված այս վարքագծի մասին ՄԻՊ հաստատության բարձաձայնումները Փաստաբանների պալատի կողմից այս ձևաչափով լռեցնելու փորձը։
Փաստաբաններին ներկայացնող մարմիններն առաջինը պետք է պայքարեն նշված երևույթների դեմ՝ ոչ միայն ֆորմալիզացնելով առկա ընթացակարգերը, այլ նաև հստակ հաղորդագրություն փոխանցելով փաստաբաններին, որ արգելված խոսքի ու վարքագծի տեսակները, էթիկայի նորմերի խախտումները ընդունելի չեն համայնքի համար։
Արձանագրում ենք, որ նման հայտարարությամբ Պալատը փաստացի արդարացնում է նշված երևույթները՝ վնաս հասցնելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ընդհանուր համակարգին ու այդ ոլորտում առկա հանրային ընկալումներին։
Անհասկանալի է Փաստաբանների պալատի հայտարարության՝ բարեփոխման որևէ անհրաժեշտություն չունենալու հաղորդագրություն փոխանցելու տրամաբանությունը, քանզի բարեփոխման կարիք ունեն բոլոր մարմինները՝ լինեն դրանք պետական, միջազգային, մասնավոր, թե այլ ձևաչափ ունեցող։ Ուստի, ինչպես բոլոր այլ մարմինների, այնպես էլ փաստաբանական համայնքի բարեփոխումներն անհրաժեշտություն են միշտ և դրանց առանցքում պետք է լինեն նաև մարդու իրավունքների խթանումն ու այդ տեսանկյունից վարքագծի արգելված տեսակների դեմ արդյունավետ պայքարը, այլ ոչ պայքարի մեխանիզմների ֆորմալիզացումը։
Ավելին, փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է ոչ թե իր անվանման, այլ իրավապաշտպան գործունեության հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները պահպանելու ուժով։ Իսկ դա հնարավոր է բացառապես մարդու իրավունքներին վերաբերելի կարևորագույն ոլորտների, այդ թվում՝ իրավահավասարության ու հակախտրականության, երեխաների իրավունքների և այլ ոլորտների նկատմամբ պատշաճ հարգանք ունենալու պարագայում։
Ընդ որում` նորից շեշտենք, որ խնդիրների դեմ պայքարը չի ենթադրում զուտ ֆորմալիզացված մեխանիզմների գործադրում, այլ ենթադրում է համայնքում երևույթների հետ կապված ընդհանուր մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտություն:
Նորից ենք ընդգծում, որ բազմաթիվ փաստաբաններ ամենօրյա ռեժիմով էթիկայի սկզբունքներին հակասող հաղորդակցություն են վարում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Եվ եթե Փաստաբանների պալատը համարում է, որ փաստաբանները կարող են խախտել բարեկրթության սահմաններն իրենց գործունեությունն իրականացնելիս, և դա ընդամենը դիտարկում է որպես ընդունելի քննադատության ձև, ապա ՄԻՊ աշխատակազմն ընդգծում է, որ ցանկացած վարքագծի և էթիկայի կանոնների հիմքում ընկած են նաև բարեկրթության սահմանները չանցնելու կանոնները, ու դա որպես քննադատություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է փոփոխել էթիկայի և վարքագծի կանոններին առնչվող միջազգային չափանիշները։
Ավելին, միջազգային գործընկերների կողմից մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ արձանագրվում են բոլոր պետությունների առնչությամբ, իսկ դեպքերի մեծամասնությունում` խոսքը լրջագույն խնդիրների մասին է: Սակայն չենք հանդիպել մի իրավիճակի, երբ մասնագիտական համայնքները սա որպես հրապարակային հիմնավորոմ ներկայացնեն բարեկրթությունն ու էթիկայի ստանդարտները խախտելու, ատելության խոսքի դրսևորումները արդարացնելու համար:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ այս բոլոր խնդիրների առնչությամբ Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները անընդհատ քննարկումներ են ունեցել Պալատի՝ որպես կարևոր գործընկերոջ հետ, երբևէ որևէ շփումներում չեն խախտել ՄԻՊ մանդատն ու էթիկայի նորմերը։
Ակնկալում ենք Փաստաբանների պալատի կողմից համարժեք կառուցողական հաղորդակցություն ու համագործակցություն։
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բազմաթիվ փաստաբան գործընկերներին, որոնք իրենց բարեվարք ու պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստում են Հայաստանում մարդու իրավունքների` գոյություն ունեցող բազում խնդիրների լուծմանը:
Ձեր աշխատանքն անգնահատելի է Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ պատշաճ ընկալումներ ձևավորելու և բազմաթիվ մարդկանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից:
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանը մշտապես անդրադառնում է նաև փաստաբանական համայնքի արդյունավետ գործունեության ոլորտում առկա բազում խնդիրներին և գործընկերների հետ համատեղ փորձում լուծումներ գտնել դրանց»,- ասված է հաղորդագրության մեջ: