Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Նրան ուղեկցել են լեգենդար ծանրորդ Յուրի Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող, մարզպետի տեղակալի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել մարզիչների ու սաների հետ։ Հասմիկ Ավագյանը նշել է, որ Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցը տարիներ շարունակ եղել է չեմպիոնների դարբնոց՝ ունենալով կարևոր դերակատարում  հայկական ծանրամարտի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում։ Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մարզադպրոցի վերակառուցում։

Յուրի Սարգսյանը օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 19 տարեկանում՝ դեռևս խորհրդային տարիներին, և հայրենի դպրոցի  հետ կապն այս ընթացքում չի խզել։ Նա շնորհակալություն է հայտնել պետության ուշադրության և հոգածության համար՝ ընդգծելով, որ մարզադպրոցում այսօր էլ մարզվում են շնորհալի երիտասարդներ։ Յուրի Սարգսյանը նշել է, որ մարզումային պայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի ապահովել սաների թվի աճ ու առավել բարձր արդյունքներ գրանցել։

Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում է ավելի քան 170 սան, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։

93