
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ցանկությունս գրեցի՝ շինարարությունն ավարտվի մինչև 2027 թվականի Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա ենք գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Բյուջեն, որը կազմում է մոտ 7 մլրդ դրամ, ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։
Նոր համալիրը կառուցվում է 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ուր կանցկացվեն մարմնամարզիկների մարզումները:
Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։
Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին»,- ասված է գրառման մեջ։