Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ զինված հակամարտությանը, բայց կասկածում է նրա հետ համաձայնագիր կնքելու հնարավորությանը՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ,  The New York Post-ի Pod Force One փոդքասթի եթերում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Լրագրողը Թրամփին հարց է ուղղել՝ արդյոք նա կարծում է, որ կարող է Իրանին ստիպել համաձայնել իր միջուկային ծրագրի դադարեցմանը։

«Չգիտեմ։ Ավելի վաղ ես այդպես էի կարծում, բայց հիմա ավելի ու ավելի քիչ եմ վստահ դրանում։ Կարծես, նրանք ձգձգում են, և կարծում եմ՝ դա ցավալի է, բայց ես ավելի քիչ վստահ եմ հիմա, քան երկու ամիս առաջ», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ չգիտի, թե ինչի հետ է կապված Թեհրանի դիրքորոշման փոփոխությունը։

Թրամփը նաև նշել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։

«Եթե նրանք համաձայնության չգան, ապա միջուկային զենք չեն ունենա։ Եթե նրանք համաձայնության գան, այդ դեպքում ևս միջուկային զենք չեն ունենա.... Բայց լավ կլիներ դա անել առանց պատերազմի, առանց մարդկային զոհերի, այդպես շատ ավելի լավ կլիներ։ Բայց ես նրանց մոտ չեմ տեսնում համաձայնագիր կնքելու նույն խանդավառությունը», - ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգ փուլ։ Բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում։ 

134