Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր զարգացումները պայմանավորված են մի քանի գործոններով, առաջինը՝ Իրանի ռազմաքաղաքական վերնախավի տրամադրվածությունը ՝ գնալու արմատական լուծումների և փորձելու ռազմավարական հարվածներ հասցնել թե՛ Իսրայելի ռազմական ներուժին, թե՛ հեղինակությանը և դրանով պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, երկրորդը՝ արդյոք իրադարձությունները կսահմանափակվեն փոխադարձ ռազմական թիրախավորմամբ, թե՞ կտարածվեն նաև Իրանի ներսում, որովհետև այս պահին Իսրայելի կողմից փորձ է արվում նաև քարոզչական և հոգեբանական գործիքակազմի կիրառմամբ փորձել Իրանի ներսում հակաիշխանական տրամադրություններ հրահրել։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը.

«Եթե Իրանի ներսում սկսվեն հակաիշխանական գործողություններ, ապա դա զգալիորեն կթուլացնի Իրանի պատասխանի հնարավորությունը, քանի որ իրանական վարչակարգը կկենտրոնանա սեփական խնդիրները լուծելու օրակարգի վրա։ Երրորդը՝ դիվանագիտական ջանքերն են թե արևմտյան, թե տարածաշրջանի երկրների, որոնք կփորձեն կանգնեցնել ռազմական էսկալացիայի խորացումը։ Իմ կարծիքով այս երեք գործոններով է պայմանավորված հետագա ընթացքը»։

Խոսելով պաշտոնական Երևանի՝ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությունից՝ Պետրոսյանը ողջունեց այն․ «Շատ կարևոր հայտարարություն է, որտեղ կա երկու կարևոր շեշտադրում, առաջինը՝ այն, որ ուղերձը համապատասխանում է միջազգային հանրության դիրքորոշմանը , որ խնդիրների լուծումը պետք է լինի դիվանագիտական տիրույթում, և այդ պրոցեսները խոչընդոտելն անընդունելի է, իսկ երկրորդ բաղադրիչը վերաբերում է ՀՀ-Իրան հարաբերությունների կարևորությանը, և այդտեղ ակնհայտ երևում է երկու երկրների հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը»։

Դիտարկմանը, որ կան փորձագետներ, որոնք ակնկալում էին ավելի չեզոք արձագանք Հայաստանից, մեր զրուցակիցը նկատեց, որ անգամ ԱՄՆ-ն չի պաշտպանում Իսրայելի գործողությունները, անգամ նախագահի և պետքարտուղարի մակարդակով եղել են հայտարարություններ, որ նախ ներգրավված չեն եղել գործողության մեջ, և կա տեղեկատվություն, որ հրաժարվել են առանձին հարցերով աջակցություն ցուցաբերել Իսրայելին․ «Այս պահի համար շատ կարևոր հայտարարություն է, տևական ժամանակ կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային նման սցենարի և դրանից օգտվելու ուղղությամբ էր նախապատրատվում, և, բնականաբար, Իրանի թուլացումը պարարտ հող կլինի Բաքվի համար Հայաստանի՝ մասնավորապես Սյունիքի վրա հարձակման առումով»։

Գեղամ Ադյան

618