Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները տարբեր հանձնառություններով աշխատել են մի շարք երկրներում, սակայն ոչ մի տեղ չեն տեսել այն վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես Հայաստանում, և այդ հանգամանքը մեծապես մոտիվացնում է՝ տրամադրելով արդյունավետ աշխատանքի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ իջևանյան հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ 

«Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից, երբ ադրբեջանական զինուժն արդեն առաջ էր եկել ու մտել Հայաստանի որոշ տարածքներ։ Մենք դիտարկումներ ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ կանխելով լարվածությունն Ադրբեջանի հետ սահմանին։ Մենք հաճախակի այցելում ենք նաև սահմանամերձ բնակավայրեր, որոնք որոշ չափով տուժել են հակամարտությունից։ Ցանկանում ենք մեր ներկայությամբ ապահովել անվտանգային միջավայր և վստահություն ներշնչել սահմանամերձ համայնքների բնակիչներին»,- ասաց Ռիտերը։    

Նա տեղեկացրեց, որ առաքելությունն այժմ ունի օպերատիվ գործունեություն ծավալելու վեց հիմնական հենակետեր, որոնք տեղակայված են Կապանից մինչև Իջևան։ Կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։ Դիտորդական առաքելությունը, ղեկավարի համոզմամբ, չպետք է լինի Երևանում, որովհետև հիմնական անելիքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին է, ուստի դիտարկումներն իրականացվում են մոտ 1000 կիլոմետր սահմանագծի երկայնքով։ Աշխատակիցների թվաքանակը 225 է, որոնցից 166 միջազգային դիտորդներ են ԵՄ անդամ 25 երկրից, մնացածը տեղացի աշխատողներ են։ 

Ռիտերը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ առաքելությունը մեկնարկեց իր գործունեությունը, ԵՄ-ն ստանձնել էր միջնորդական դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման գործում։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հետագայում նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ձեռնարկեցին անմիջական քայլեր՝ նպաստելու խաղաղ բանակցությունների գործընթացին, և այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում է ուղիղ երկխոսություն։  

«Մեր առաքելության մեկնարկից ի վեր՝ սահմանային միջադեպերի քանակը զգալիորեն նվազել է, լարվածությունն էապես թուլացել է, երբեմն լսվում են առանձին կրակոցներ, սակայն, բարեբախտաբար, զոհեր կամ տուժածներ չկան։ Օրինակ՝ երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ-ն մեզ խնդրեց, որպեսզի դիտարկումներ անցկացնենք Խաչիկ գյուղի հատվածում, քանի որ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները Նախիջևանից կրակում են գյուղացիների ուղղությամբ՝ խաթարելով  հողագործական աշխատանքների ընթացքը, բայց երբ սկսեցինք դիտարկումներ անցկացնել այդ տարածքում՝ կանգնելով տեսանելի հեռավորության վրա, կրակոցները դադարեցին։ Հայաստանի հարևան երկրներում արդեն կա այն գիտակցումը, որ ՀՀ-ում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է կայունության գործոն»,- նշեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։ 

Ռիտերը հավելեց, որ իրենք սահմանի երկայնքով իրականացնում են ընդգրկուն հետազոտություն՝ կատարելով փաստահավաք աշխատանք և համապատասխան զեկույցներն ուղարկում են Բրյուսել՝ քաղաքական որոշումներ կայացնողներին, որպեսզի ԵՄ ներկայացուցիչները կատարեն համաժեք եզրակացություններ և ունենան հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է իրավիճակ է տիրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողջ սահմանի երկայնքով։ Առաքելությունն այդ զեկույցները չի ներկայացնում հակամարտող երկու կողմերին։ Դիտարկումներն իրականացվում են ինչպես ուղեկցողների միջոցով, այնպես էլ առանց նրանց ծառայությունների՝ սեփական ուժերով ու միջոցներով։  

«Սկզբնական շրջանում մեզ ուղեկցում էին, քանի որ ծանոթ չէինք տեղանքին, բայց մեկ ու կես տարի անց արդեն իրականացրինք ավելի քան 5500 դիտարկում, ինչը վկայում է այն մասին, որ եվրոպացի դիտորդներն արդեն լավ գիտեն, թե ուր պետք է գնան և ինչ անեն։ Ժամանակի ընթացքում կրճատեցինք ուղեկցողների քանակը, հատկապես զինվորականների, որովհետև կարող էր հարց առաջանալ՝ եթե անաչառ առաքելություն է, ապա ինչո՞ւ են մեզ ուղեկցում կոնֆլիկտում ներգրավված կողմերից մեկի զինվորականները։ Մենք նրանց օգնությանն ու օժանդակությանը դիմում ենք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ունենք դիտարկումների պլան, որն ուղարկում ենք նաև Բաքու։ Ադրբեջանական կողմի հետ չունենք ուղիղ հաղորդակցություն, ուստի դիտարկումների պլանի մասին նրանց տեղեկացնում ենք Թբիլիսիում տեղակայված Հարավային Կովկասի ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցչի միջոցով։ Գործունեություն ծավալելու համար թույլտվություն չենք խնդրում և պատասխանի չենք սպասում, պարզապես ծանուցում ենք այդ մասին։ Ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ ունենան միևնույն տեղեկատվությունը դիտարկումների պլանի վերաբերյալ, իմանան, թե ուր ենք գնում»,- մանրամասնեց Ռիտերը։ 

Դիտորդական առաքելության ղեկավարը վստահեցրեց, որ Հայաստանում ցանկացած վայր հաճախելու առումով իրենք ազատ են և չունեն որևէ սահմանափակում սահմանամերձ համայնքներ հասնելու համար։ Նախորդ տարվանից կանոնավոր կերպով այցելում են նաև ուսումնական հաստատություններ և դպրոցականներին տեղեկացնում իրենց գործունեության մասին՝  ներկայացնելով աշխատանքների ընդհանուր բնույթը, մանդատն ու Եվրամիության նպատակները։  

«Երբ ժամանեցինք Հայաստան, մեր գործունեության սկզբում կային մեզ հետ կապված մեծ ակնկալիքներ։ Շատ մարդիկ կարծում էին, որ մենք տեղակայվել ենք ռուս խաղաղապահների փոխարեն, որ ԵՄ զինված ուժերի ներկայացուցիչներն ենք և կոչված ենք պաշտպանելու Հայաստանը հնարավոր ագրեսիայից, բայց ստիպված նրանց բացատրում էինք, որ մենք իրականացնում ենք բացառապես քաղաքացիական, անզեն առաքելություն, տեղեկացնում ենք մեր վերադասներին իրավիճակի մասին և ոչ թե պաշտպանում սահմանամերձ համայնքների բնակիչներին»,- պարզաբանեց Ռիտերը։  

Նրա խոսքով՝ այժմ տեղի լրատվամիջոցների շնորհիվ մարդիկ արդեն գիտակցում են դիտորդների գործունեության բնույթը, գիտեն, որ նրանք օգտագործում են միայն հեռադիտակներ և տեսախցիկներ։ ԵՄ դիտորդական առաքելությունը միջազգային միակ կազմակերպությունն է, որ հասանելիություն ունի հեռավոր վայրերին, որտեղ միայն զինվորականներն են, և մարդիկ այնտեղ չեն բնակվում։ Բոլոր սահմանամերձ համայնքներում Ռիտերին ու նրա թիմի ներկայացուցիչներին ճանաչում են, ընդունում սրտաբաց և հաճախ մարդիկ ԵՄ դիտորդներին հրավիրում են իրենց տներ։ 

«Մեր գործունեության ընթացքում առաքելության վերաբերյալ շրջանառվել են տարաբնույթ նարատիվներ։ Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ համագործակցել, նույնիսկ պահանջում է, որ հեռանանք, և դիտորդական առաքելությունը համարում է լրտեսական ցանց, որի ներկայացուցիչները զբաղված են հետախուզական աշխատանքներ իրականացնելով, մինչդեռ այդ ամենն իրականության հետ որևէ առնչություն չունի, մենք գաղտնի ծառայություն չենք, մեր միակ նպատակը Հարավային Կովկասում լարվածության կանխարգելումն է և Հայաստանին օգնելը, որպեսզի հայկական կողմն ունենա լավ դիրքեր բանակցությունների գործընթացում, որն ավելի  արդյունավետ է ընթանում, եթե չեն լինում կրակոցներ»,- եզրափակեց Ռիտերը։    

302