Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի մեծարգո' նախագահ,
Հարգելի՛ փոխնախագահներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկումների համար: Հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները՝ ավելի, որոշները՝ պակաս: Որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես ամբողջ քննարկմանը մասնակցեցի և հետևում էի մտքերի փոխանակությանը, և ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի մեր Կառավարությանը և կքննադատե՞ի արդյոք, թե՞ ոչ: Եվ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա և երբեք չի եղել և երբեք էլ չի լինի որևէ Կառավարություն, որին օբյեկտիվորեն և սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա, ըստ էության, ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես՝ ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում: Եվ այս առումով այս քննարկումն ինձ համար օգտակար էր, որովհետև շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման յոթ տարիների մասին: Եվ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման յոթ տարիների մասին, ինքս էլ, ելույթներին զուգահեռ, մտածեմ իմ վարչապետության յոթ տարիների մասին: Եվ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետև գիտեք դետալների մեջ կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել և դրանց վրա կենտրոնանալ, քննադատում կամ չքննադատել։

Բայց մեծ պատկերի մեջ, երբ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպիսի՞ն էր վիճակը 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսի՞ն էի ես 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն եմ ես 2025 թվականի հունիսին: Այս հարցը ինքս ինձ տալիս, ինքս ինձ հետ մենակ մնալով, անկեղծորեն, որովհետև ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետև ուրիշների հետ խոսելիս կարելի է ինչ-որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Հիմա ուզում եմ հետևյալը ասել, երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։

2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի՞ շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, խորհրդարանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ: Բայց ես նաև ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է՝ կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Բայց շուտով, ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ: Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են հարավում, այդ այդպիսի երկրներ եղել են արևելքում: Շատ ավելի կարևոր է արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական մասան մենք ինքներս ենք եղել, մենք ինքներս ենք ապահովել, և հետևյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության Կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք: Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք և չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ, ի՞նչ է պետություն, ինչպիսի՞ պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի՞ վարքագիծ է ենթադրում պետություն լինելը և ո՞ր վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։

Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականին եղել եմ ֆորպոստի վարչապետ, առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում և կարծում եմ՝ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում: Մենք գտնվել ենք վերջնական և ամբողջական ֆորպոստացման գծի եզրին, և մենք մեզ հարց ենք տվել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՞ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե, առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս պրոցեսը, շատ կարևոր է արձանագրել, որ մի քայլանոց կոմբինացիա չի, այս պրոցեսը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս պրոցեսը, որտեղ ֆորպոստի, ինձ համար անձամբ, ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում, իհարկե, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել: Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ: Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Գիտեք մեր ընդդիմությունն այս օրը և այս փաստը, նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր և շրջադարձային պահ է, որովհետև իրականում՝ և՛ խորքային քաղաքական իմաստով, և՛ առարկայորեն, ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը, դա մի ժամանակներ էր, երբ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները, փաստորեն, և դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր և իրավիճակ, երբ մեր, նույնիսկ ամենամոտ երկրները՝ մեր երկրի, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր, հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիան:

Եվ ես հիմա արձանագրում եմ, արձանագրումն այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, և սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ, բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ: Կարևորն, ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է նաև, ի վերջո, պատասխանել այդ հարցին, լավ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ չիրագործեցինք, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդատվության նյութ, և այդ խորհրդատվության արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության՝ ի՞նչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, և ի՞նչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա: Եթե կա ապագայի նախագիծ՝ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա: Եվ այո՛, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք՝ որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծէ, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր և այդ պարամետրերից կարևորագույնը՝ սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային, միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը։

Եվ ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին յոթ տարիների պատմությունը, հարգելի՛ ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության, և ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ, և այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա, և Հայաստանի Հանրապետությունը կայանում է և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես և մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ: Նորից ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, և սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։

Գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից: Այստեղ խոսում են, որ Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում: Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում: Ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն յոթ տարի զբաղեցնող մարդ, Հայաստանի Հանրապետությունն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր: Եվ դրա ամենակարևոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո՛ խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը և մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը։ Նորից եմ ասում, մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև դրանք արդեն իրողություններ են։

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն և սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։

Շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո՛, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը, նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչո՞ւ, առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումն այն է, որ եկեղեցու և Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված և հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության և ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաև, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական գաղափարախոսական և նյութական անվտանգությունն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն Հայ Առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն, ես դա հատուկ կարդացի՝ կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդն անձնական բոլոր արտոնություններից կամավոր զրկվում է, իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք՝ մոմի գործի, հազար ներողություն այս բառիս համար, նայողը կաթողիկոսի եղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի:

Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է և այլն: Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների և նվիրապետության համար: Ես նորից եմ ասում, այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են և՛ հոգևոր, և՛ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ: Այդ մարդիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ և հանրության առաջ ազնիվ են և իրենց ծառայության մեջ առաքինի։ Ո՞վ է, օրինակ, ԿտրիՃ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ո՞նց կարող է կուսակրոնության ուխտը խախտած և չեմ ուզում ամբիոնից էլ այդ բառապաշարը օգտագործել, ասենք Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկը, ո՞նց կարող է ամուսնացյալ քահանաներին հրաման տալ և նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի: Ո՞նց կարող է: Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես, անում են, մի հատ էլ գալիս են որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, բարոյական և ոչ միայն, իրավական իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանու՞մ եք: Մի հատ էլ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը: Հասկանու՞մ եք՝ կաթողիկոսի անձնական կյանքը:

Մարդիկ, ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են: Քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և մենք դա թույլ չենք տալու: Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգևոր զգացմունքներ:

Այսպիսի արտահայտություն՝ միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Հասկանու՞մ եք, սա ամեն ինչի մասին ասում է. Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հետևորդները միջամտում են եկեղեցու ներքին գործերին: Ո՞նց կարող է: Այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է: Երբ իրենք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ո՞նց՝ մոմի գործը Կտրիճի եղբորն է, մյուս գործը՝ ենթադրենք, թե ով ձեռնադրվի, չձեռնադրվի կաթողիկոսի քրոջ որդին պիտի բան անի: Դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք, ենթադրենք մի հատ ՍՊ-ից ավելի լավ, ՍՊ-ն հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսն ասում է Նոր Կտակարանում:

Հաջորդը՝ այս հին խոսույթը. այդպես անում են, որովհետև թուրքերն են այդպես ուզել, այդպես անում են, որովհետև ադրբեջանցիները ... Սա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է: Գիտեք, այն ժամանակ մենք էլ էինք տրվում այդ խոսույթին. լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, վայ դրա մասին ..., դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք և այլն: Մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա, ես երբ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, այս վերջերս մի հատ ուրիշ բան էլ եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ընկալելու սեփական զգայարանները և ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք: Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասում հետևյալը՝ մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք: Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես՝ այս որտե՞ղ է ընկել: Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չե՞ք տեսնում՝ ինչ են խոսում: Այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի: Ամբողջ արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որ բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է: Եվ մենք պետք է, պարտավոր ենք առերեսվել էլ այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է ասեք՝ ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել՝ ինչ եմ ուզում մեր ժողովրդից. ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս - իմիջիայլոց՝ ոչ մի լրագրող հարց չի տվել - ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր: Ոչ մեկ չի ասում՝ այդ ինչ ասացիր, այդ ոնց ասացիր: Ոչ մեկ չի ասում: Սա է, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք: Սրանում է պրոբլեմը, և աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր: Եվ դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ, անարդար վայր է: Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է: Դու չես հասկանում՝ ինչու են քո վրայով անընդհատ մեքենա քշում և ասում ես այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել. Աստված, ու՞ր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծ գիծ կա, լուսացույց կա, և պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար: Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը: Երկու բան էլ կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում, որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու:

Շնորհակալ եմ։

197