
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին՝ նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական-ախտորոշիչ կենտրոնում:
Նորագույն սարքավորումներով, մասնավորապես՝ ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար:
Մինչ այս Կաթվածի ազգային ծրագիրը Վանաձորում գործում էր Գյումրու հետ հեռաբժշկության միջոցով. բուժման որոշակի փուլում պացիենտը տեղափոխվում է Գյումրու բժշկական կենտրոն։ 15 հիվանդներ արդեն օգտվել են պիլոտային այս ծրագրից, իսկ 50-ից ավելի հիվանդների համար իրականացվել է կաթվածի մասնագետի հեռավար խորհրդատվություն։
Շուրջ մեկ ամսից Վանաձորի և հարակից բնակավայրերի մեր քաղաքացիների համար ակնաբուժական ժամանակակից բոլոր ծառայությունները հասանելի կլինեն մեկ վայրում. ակնաբուժական կլինիկայի շինարարական ու կահավորման աշխատանքները ավարտական փուլում են:
Ապրիլին Վանաձորում ներդրված մամոգրաֆիայի ծառայությունից արդեն օգտվել է 400 կին, որոնցից 320-ը՝ սքրինինգային ծառայությունից:
Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Վանաձորի՝ հիմնովին նոր կառուցվող ինֆեկցիոն բաժանմունքում: Այստեղ ևս ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները:
Ինֆեկցիոն բաժանմունքը գործելու է ամբողջովին այլ պայմաններում՝ հագեցած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու համալրված լավագույն մասնագետներով: