
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ մասնակցել է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող զրույց-քննարկմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված և տարբեր խոցելի խմբեր ներկայացնող կանայք:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափի միջոցառումների կարևորությունը խոցելի տարբեր խմբերի ձայնը լսելի դարձնելու և զգայուն հարցերը բարձրաձայնելու տեսանկյունից․
«Շատ կարևոր են նման միջոցառումները։ Դրանց մասնակցությունն ու հանրայնացումն օգնում են, որ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, հասկանան, որ իրենք միայնակ չեն։ Մենք պետք է միասին լինենք, պատրաստ՝ հասկանալու միմյանց խնդիրներն ու իրար աջակից լինելու»։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր գործունեության կարևոր ուղղություններից են կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների նկատմամբ, այլև՝ աջակցող.
«Մեր օրինակով պետք է ցույց տանք, որ անկախ յուրաքանչյուրիս ունեցած առանձնահատկություններից` բոլորի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ, հավասար, համերաշխ և հարգալից»։
Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մի շարք խնդիրներ համակարգային են, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի, բայց կրկնակի խոցելիություն են ձեռք բերում տեղահանված անձանց պարագայում: Ավելին, բազմաթիվ դեպքերում նույնիսկ այս խնդիրների առնչությամբ հանրային ընկալումներն են ձևախեղված:
«Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից։ Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման պատշաճ ուղիներ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։