
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Բաց նամակ մեր վաստակավորներին.
«ՈՉ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ ՉԷՐ ԼՔԻ ԱՐՑԱԽԸ, ԵԹԵ ԱՅՆ ՉՀԱՆՁՆԵԻՆ»։
Այս հայտարության հեղինակն է մշակութային գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Մեկնաբանելիս չեմ վիճարկում արտիստի վաստակն ու արհեստավարժությունը։ Սակայն նմանատիպ հայտարարությունները, հատկապես՝ վաստակավոր արվեստագետների շուրթերից, անտարբեր անցնել չեմ կարող։ Որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, թեկուզև նախկին, չեմ կարող լռել։
Ամեն անգամ նման հայտարարություններ լսելիս պատկերացնում եմ, թե պատերազմի մասնակից քանի հայորդի է կարդում այդ խոսքերը։ Նրանք, ովքեր մնացին հաշմանդամ։ Մեր նահատակ եղբայրների ծնողները։ Եվ նրանք, ովքեր այս օրերին մեկնում են Հայկական բանակ՝ կատարելու իրենց պարտքը հայրենիքի առաջ։
Ինչպե՞ս են նրանք ըմբռնում այդ միտքը և ի՞նչ զգացումներ են ունենում…
Ակամայից հիշում եմ պատերազմի առաջին օրերը՝ Արցախից դեպի Երևան ձգվող մեքենաների անվերջ շարանը։ Հիշում եմ՝ ինչպես էին արցախցի և հայաստանցի զինվորները միասնաբար պայքարում՝ ապահովելու համար այդ մարդկանց «անվտանգ հեռացումը»։
Հիշում եմ նաև Երևանի կենտրոնը հաջորդող օրերին նույն մեքենաներով ծանրաբեռնված։
Ու այդ հիշողությունների ֆոնին՝ այսպիսի հայտարարությունները ոչ միայն ցավեցնող են, այլև՝ վտանգավոր։ Դրանք նսեմացնում են զինվորի կատարած սխրանքը, ստվերում են հազարավորների պայքարը։ Կասկածի տակ են դնում այն միակ բանը, որ պետք է ամուր պահել՝ վստահությունը մեր զինվորի հանդեպ։
Կոչ եմ անում բոլոր վաստակավորներին, հանրային հեղինակություն վայելող մարդկանց՝
խուսափել նման գնահատականներից, հատկապես՝ երբ խոսքը ոչ թե անցյալի վերլուծության, այլ ապրողների ցավի մասին է։
Հարցեր շատ կան։ Պատասխաններ՝ քիչ։ Բայց մինչ դրանք գտնենք, գոնե մի բան պիտի հստակ հիշենք՝
զինվորն ու հերոսացածն անքննելի են։