Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ 

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, դեսպան Մակունցը հայտնել է իր խորը երախտագիտությունը։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։

Դեսպան Մակունցը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։

Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատել է հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, կարևորեց հայ համայնքի ներդրումը տասնամյակների ընթացքում։ 

Դեսպանը նաև իր խորին շնորհակալությունն է հայտնել դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար, ինչպես նաև իր ընտանիքին՝ իր ծառայության ողջ ընթացքում ցուցաբերած անսասան աջակցության համար։

Երեկոն ամփոփվել է խորհրդանշական պահով. դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել է «Գերազանցության մեդալով»՝ ի նշան իր չորս տարվա անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման։

179