Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված երեք հուշագրերն ուրվագծում են առաջիկա տարիների երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև կնքված երեք հուշագրերը բավականին կարևոր նշանակություն ունեն։ Ուզում եմ հիշեցնել, որ դրանք վերաբերում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում կարողությունների զարգացմանը, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարության զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությանը։ Այս երեք հուշագրերը ուրվագծում են առաջիկա տարիների երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատենք․ շատ կարևոր է ռազմավաական տեսանկյունից այդ պլանավորումն ունենալը»,- ասել է Մակունցը։ 

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքվել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որտեղ համագործակցության բավականին մեծ շրջանակ է ուրվագծված։ «Եվ այն ժամանակ արդեն մենք նախատեսում էինք, որ ԱՄՆ-ի  նոր ձևավորվող վարչակազմի հետ պետք է  քննարկել ու հասկանալ, թե որոնք են լինելու այս փուլի համար նախընտրելի ոլորտները, որոնց շուրջ պետք է աշխատենք, և, ըստ այդմ, այս ուղղությունները բավականաչափ կարևոր են համարվել»,-մանրամասնել է դեսպանը։ 

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների նման բարձր մակարդակը չափազանց կարևոր է ոչ միայն Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության տեսանկյունից, այլև դա նաև նպաստելու է թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ԵՄ անդամ պետություններում Հայաստանի դերակատարման և կշռի բարձրացմանը։

 

212