Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այցելել է Առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ վերանորոգված և վերջերս շահագործման հանձնված:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու ընթացակարգերը: Պաշտպանը քննարկել է նաև ոչ հոժարակամ բուժման, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման (հարկադիր բուժման) ընթացակարգերին առնչվող գործնական խնդիրները:

Պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ պետության գործադրած ջանքերը և շարունակական հանձնառությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակի հետ կապված խնդիրների մի մասը դեռ պահպանվում է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ ունեն հիմնանորոգման և անհրաժեշտ գույքով կահավորման կարիք: Այս համատեքստում Պաշտպանը հատկապես ընդգծում է պետության հանձնառության պահպանման ու շարունակական ջանքերի կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերի հասցեավորումը:

Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

222