
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում մարդու իրավունքների արդյունավետ իրացմանը։
Պաշտպանն ընդգծել է ԱՀԿ-ի հետ համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու ներմուծումը կարող է զգալիորեն նպաստել ոլորտի արդիականացմանը և առողջապահական համակարգում մարդու իրավունքների խթանման և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։
Իր հերթին Սիդարթա Դատտան բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։