
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է։ Կրթված, նախաձեռնող, պատասխանատու և գործուն երիտասարդը կարող է կարևոր դեր ունենալ մեր հասարակության զարգացման գործում։ Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդների իրավունքների լիարժեք իրացումը՝ ստեղծելով արդար, հավասար և ներառական պայմաններ։
Երիտասարդների ներուժը պետք է լրջագույն ուշադրության արժանանա։ Նրանք պետք է ներգրավված լինեն որոշումների կայացման գործընթացներում, ունենան մասնակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում։
Հայաստանի Հանրապետությունում պետք է առավել հետևողականորեն խթանվի երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում երիտասարդների իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
Համոզված եմ՝ մեր երկրի ապագան կառուցվելու է նաև կրթված, բարեխիղճ, աշխատասեր ու սկզբունքային երիտասարդների ձեռքով»։