Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վայոց ձոր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

 

Օգոստոսի 8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր:

 

Տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:

 

«Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին, խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների իրավունքներին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր: Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Բարձրացված խնդիրների հետ միաժամանակ բնակիչները ներկայացրել են նաև դրանց լուծման իրենց տեսլականը:

 

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վեր հանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն, միջոցներ կձեռնարկվեն պետական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ:

 

Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև Կեչուտի նախակրթարանում:

 

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:

107