
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով:
ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են ՀԷՑ ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:
«Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխբնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):
Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ, ինչպես նաև մի քանի լոտերով՝ առանձին ծառայություններ:
Ընթացիկ փուլում Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ իրականցվում են ՀԷՑ ՓԲ ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:
Համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդնումից հետո միայն ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրութամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան:
Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ. օգոստոսի առաջին տասնօրյակից: