
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը:
5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվի «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչ՝ Լոռու մարզի 63 դպրոցից: Վերապատրաստումն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը։
Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում՝ այդ թվում դպրոցներում ստեղծելով արդիական լաբորատորիաներ:
«ԲՏՃՄ առարկաների ուսուցման որակի բարելավման առումով առաջնային անհրաժեշտություն է լաբորատորիաների ներդրման գործընթացը, որը հրաշալի հնարավորություններ է ընձեռում ամենաբարդ թվացող խնդիրները երեխաների համար դարձնել ավելի մատչելի ու հասկանալի: Ակնհայտ է՝ այս գործընթացը ենթադրում է նաև ուսուցիչների կարողությունների զարգացում, որպեսզի լաբորատորիաների օգտագործումը լինի նպատակային և արդյունավետ։ Շատ կարևոր է, որ սարքավորումները կիրառելիս ուսուցիչն իրեն վստահ զգա լաբորատորիայում: Հատկանշական է, որ այդ միջավայրերում կարող է մասնագիտական կողմնորոշում ևս ձևավորվել՝ երեխաների շրջանում հետաքրքրասիրություն առաջացնելով բնագիտական ոլորտների նկատմամբ»,- ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ուսւոմնական տարվա ավարտից հետո մասնագիտական գիտելիքը բարելավելու պատրաստակամության համար:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակվել են համապատասխան ձեռնարկներ և տեսադասեր, որոնք կօգնեն ուսուցիչներին լաբորատորիաները կիրառելու հարցում: Նա տեղեկացրել է, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում՝ Մանկավարժական համալսարանում նույնպես ներառելու նմանատիպ հմտություններ. մասնավորապես՝ բնագիտական և տեխնոլոգիական ուսուցիչների համար ձևավորվել է գերազանցության կենտրոն՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը:
«Համալսարանը տարվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստում կարող է իրականացնել նաև գործող ուսուցիչների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վերապատրաստման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 28-ին՝ շուրջ 150 ուսուցչի համար: Հանդիպման շրջանակում ուսուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են նոր չափորոշչին, դպրոցական բաժանորդային ծրագրին, տրանսպորտային ծախսի փոխհատուցմանը, նախագծային աշխատանքների մանրամասներին, դասագրքերիում QR կոդերի հետ կապված բովանդակային և տեխնիկական խնդիրներին, կամավոր ատեստավորմանը և այլն:
Լոռի այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվում են վերակառուցման աշախտանքներ: Նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված և ընթացիկ աշխատանքներին, առկա խնդիրներին: Դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար. ըստ պայմանագրի՝ այն շահագործման կհանձնվի տարեվերջին՝ ամբողջապես հագեցվելով նոր գույքով: