
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։
Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի խոսքով։
«Ողջունում եմ բոլորիդ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին։ Այս հարթակը հերթական անգամ հնարավորություն է տալիս մեկտեղելու մեր ջանքերը՝ ի շահ մեր երկրի ու համայն հայության զարգացման։
Այսօրվա նիստը կարևոր հանգրվան է ամփոփելու հիմնադրամի անցած տարվա գործունեության արդյունքները, արժևորելու կատարված աշխատանքն ու արձանագրելու ձեռքբերումները։ Միաժամանակ, սա նաև հարթակ է՝ արձանագրելու այն առաջնահերթությունները, որոնցով պետք է առաջնորդվի հիմնադրամն առաջիկայում։
Անցնող տարում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնց միջոցով նոր շունչ է հաղորդվել հիմնադրամի առաքելությանը։ Սակայն մեր առջև դեռևս կանգնած են բազում մարտահրավերներ՝ թե՛ ռազմավարական պլանավորման, թե՛ ծրագրերի արդյունավետության բարձրացման, թե՛ համահայկական ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից։
Այս նիստը նաև առիթ է վերահաստատելու հիմնադրամի բովանդակային և կառուցվածքային զարգացման ճանապարհային քարտեզը՝ ընդլայնելու ներգրավվածությունը, ուժեղացնելու վստահությունը և բարձրացնելու արդյունավետությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ողջ սփյուռքի բարգավաճման»։
Համոզված եմ, որ մեր այսօրվա քննարկումները կնպաստեն հիմնադրամի աշխատանքների առավել հստակ ուղղորդմանը՝ հենված թափանցիկության, պատասխանատվության և ներառականության սկզբունքների վրա։
Շնորհակալություն եմ հայտնում հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, հիմնադրամի աշխատակազմին և իհարկե, բոլոր նվիրատուներին, իրենց հանձնառության, հետևողականության և համատեղ աշխատանքի համար։
Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և աշխատանք»։
Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունն է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։ Այնուհետև աշխատանքային ձևաչափով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։