Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացնում է ՀԾԿՀ-ն «էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում փաստացի չեն դադարում այն երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական կամ կարևոր այլ ենթակառուցվածքների բնականոն, անխափան գործունեության շարունակականությունը, ինչը կարող է հանգեցնել սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խախտմանը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ էներգետիկ համակարգի անվտանգությունը և հուսալիությունն ազգային անվտանգության, հասարակական բարեկեցության կարևոր բաղադրիչներն են, սակայն գործող օրենսդրությունը չի ապահովում բավարար մեխանիզմներ՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու, երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը և կամ սպառողների լայն շերտերի իրավունքներին:

«Պետական մարմինները փաստացի կարող են միջամտել միայն խախտումներն արձանագրելուց հետո, այլ կերպ ասած՝ պոստ ֆակտում, երբ վնասն արդեն իսկ հասցվել է: Այսինքն՝ գործող կարգավորումները թույլ չեն տալիս վտանգի կանխարգելման նպատակով անհապաղ միջամտել, ինչի հետևանքով կարող են առաջանալ հանրային շահերի լայնածավալ խախտումներ, ինչը հանրային իշխանության մարմինների ժամանակավրեպ գործողություններով միայն կարող է արձանագրվել, որոնք որևիցե էական փոփոխություն կամ էական օգուտ չեն տալու:

Նման օրենսդրական բացը լի է լուրջ վտանգներով. էներգետիկայի որևէ ենթահամակարգում առաջացած թերացումները և չարաշահումները կարող են շղթայական ազդեցություն ունենալ և վնասել ամբողջ համակարգի կայունությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այս պարագայում կարգավորող մարմինն ունակ չէ արագ արձագանքել և խոչընդոտել նմանատիպ բացասական զարգացումները մինչև անդառնալի վնասի ի հայտ գալը:

«Նախատեսող կանխարգելիչ միջոցառումների կիրառումը ենթադրում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է ունենան լիազորություն՝ ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, երբ դեռ վտանգը հավանական է կամ սկիզբ առնող է, որպեսզի պաշտպանեն հասարակության շահերը՝ առանց սպասելու հետևանքների, որպես կանոն՝ նեգատիվ հետևանքների առաջացմանը»,- ասաց նա:

Էներգետիկ անվտնագության տեսանկյունից, ըստ հիմնական զեկուցողի, սա նշանակում է երաշխավորել, որ էլետրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում: Ուստի, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պետությունը պետք է ունենա արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:

Պատգամավորը նաև պարզաբանեց՝ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի ՀՀ էներգետկայի ոլորտում հանրային իշխանության մարմիններն ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար: 

«Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն, և սահմանվում են դրա իրավական հետևանքները:

Սահմանվում է նաև ոլորտի լիցենզավորված անձանց կողմից վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը: Սահմանվում են կանխարգելիչ միջոցառումների կիրառման առանձնահատկությունները, միջոցառումների կիրառման կարգն ու այլ հանգամանքներ»,- ասաց նա:

94