Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության զգալի ակտիվացումը, համագործակցության ընդլայնումը թե՛ ԵՄ, թե՛ Նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված ձևաչափում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Նախարար Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական  փոխգործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականերին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցությունը: 

Արարատ Միրզոյանը և Պատրիկ Սվենսոնն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարների հարցում առկա հստակ փոխըմբռնումը:

Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

 

 

153