
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:
«Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես՝ վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում:
Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ առողջության պահպանման և կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների և հրապարակային հայտարարությունների շրջանակներում:
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվեն հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: