Նելսոն Բեգլարյանն ու կապիտան Լյովա Խաչատրյանը 22 տարվա ընկերներ էին: Առաջին դասարանից միասին են սովորել Լեռնավանի Հովհ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում:  Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Լյովան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեց, իսկ Նելսոնը`  Վանաձորի մանկավարժական համալսարան, սակայն հեռավորությունը չխանգարեց նրանց մտերմությանը. այն վերաճեց կուռ, արդեն հասուն, տղամարդկային ընկերության։

 

 

«Ճիշտ է, շոկի մեջ եմ, բայց ուզում եմ պատմել ընկերոջս` կապիտան Լյովա Խաչատրյանի մասին, որը, ցավոք, զոհվեց այս պատերազմում»,- ասում է Նելսոնը։ «Լյովան յուրահատուկ մարդ էր: Գովում եմ ոչ թե նրա համար, որ ընկերս էր, այլ իսկապես նա այդպիսին էր` բարության մարմնացում: Չկա աշխարհում մի մարդ, որի հետ կոնֆլիկտ ունեցած լիներ: Հասնող էր շատ, միշտ լավատես, ժպիտն էլ դեմքից անպակաս»,- ներկայացնում է ընկերոջը Նելսոնը, հավելելով, որ ցանկացած իրավիճակում` ինչքան էլ Լյովան տրամադրություն չունենար, միշտ հուսադրող խորհուրդներ էր տալիս, իր խոսքի ուժով կարողանում էր մարդուն հանել դժվար իրավիճակից: 

 

Նելսոնը հպարտությամբ է խոսում լավագույն ընկերոջ անցած ուղու մասին, թվարկելով աշխարհի տարբեր երկրներում գտնվող բոլոր առաջատար ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել է Լյովան. Ռազմական համալսարանում  մեկ տարի ուսանելուց հետո Լյովան մեկնել է Իտալիա, այնտեղ շարունակել ուսումը։ 2 տարի սովորել է Մոդենայի ռազմական ակադեմիայում, այնուհետև 3 տարի` Թուրինի ռազմական ակադեմիայում։ 9 ամիս վերապատրաստվել է ԱՄՆ-ում` Չիկագոյի ռազմական ակադեմիայում։ Ապա մասնակցել է Գերմանիայի Դաշնությունում ՆԱՏՕ-Ի դասընթացների, կոնֆերանսների։ Ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում։ 2019 թվականին մեկնել է Լիբանան` որպես համագործակցության սպա։ 2020 թվականին խաղաղապահ առաքելությամբ մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Նա հինգ օտար լեզու գիտեր:

 

«Լյովան պատերազմ գնաց հոկտեմբերի 3-ից, Հադրութի կողմերում էր, հետո հոկտեմբերի 27-ին վերադարձավ մի քանի օրով ու 30-ին էլի ռազմաճակատ գնաց, բայց արդեն Մարտունու կողմ»,- պատմում է Նելսոնը, հիշելով, որ երբ ընկերը մի քանի օրով վերադարձել էր շունչ առնելու` ընդամենը մի երկու ժամով է կարողացել գյուղ գնալ` այն էլ մորը պիտի տեսներ: «Ես էլ հասցրեցի տասնհինգ րոպե տեսնել...»,- և սա ընկերների վերջին հանդիպումն էր:

«Լյովան զոհվել է նոյեմբերի 2-ի առավոտյան: Մասնագիտությամբ սակրավոր էր: Ինժեներական աշխատանք էին գնացել կատարելու: Թշնամին ռմբակոծել է, ինչի հետևանքով Լյովը մահացու վիրավորվել է, հնարավոր չի եղել կյանքը փրկել: Մարտերի ժամանակ նրա ճիշտ և գրագետ գործողությունների շնորհիվ վաշտը որևէ կորուստ չի կրել»,- ասում է Նելսոնը։

 

Ընկերոջ ամենամեծ երազանքները կապված էին Հայաստանի, հայկական բանակի հետ,  ՆԱՏՕ-ում լինելուց հետո ոգեւորվել էր. Հայաստանը պատկերացնում էր ավելի հզոր, ավելի պրոֆեսիոնալ բանակով: 

 

 

Այսքան «ռազմական» կենսագրության հետ մեկտեղ Լյովան անձնական շատ նպատակներ ուներ. սիրած աղջիկը սպասում էր նրան. ցանկանում էին ընտանիք կազմել, որդի ունենալ: «Նռան ծառ տնկելու մասին էր երազում: Լյովը նուռ շատ էր սիրում: Մի անգամ Հադրութից զանգել էր եղբորը, ասել` կռիվը վերջանա, նռան ծառն արդեն կա, մնում  է այստեղ  տուն կառուցելն ու որդի ունենալը»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ ընկերոջ խոսքերն է մեջբերում Նելսոնը, հիշելով իր և Լյովայի հանդիպումը` պատերազմից մեկ օր առաջ:

 

 

 

«Սեպտեմբերի 26-ին էր, շաբաթ օր: Հանդիպեցինք, խոսեցինք: Առհասարակ սիրում էինք խոսել հայրենիքից, երկրից, առկա խնդիրներից, ազգային առանձնահատկություններից։ Նրա հետ ինչ թեմայից ուզեիր` կարող էիր խոսել, լսել, խորհուրդ հարցնել»,- կարոտով պատմում է Նելսոնը:   

 

Կապիտան Լյովա Խաչատրյանը զոհվեց հայրենիքը պաշտպանելիս: Նելսոնը հաճախ է այցելում ընկերոջ հայրական տուն, փորձում որևէ կերպ լրացնել ընկերոջ ֆիզիկական բացակայությունը։ Նելսոն Բեգլարյանը լավ գիտի ընկերության գինը և ի պատիվ Հայրենիքի համար նահատակված ընկերոջ հիշատակի` որոշում է կայացրել, երբ որդի ունենա` Լյովա է անվանակոչելու: Նելսոնը վստահեցնում է` փոքրիկ Լյովան պիտի իմանա, որ Հերոսի անուն ունի...

 

Հայկ Մագոյան

 

4237