
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող վարչարարությանը՝ վարորդին հորդորելով նստել ավտոմեքենան:
Պարեկային ծառայության երկու աշխատակիցները պահանջել են չմիջամտել իրենց ծառայողական լիազորությունների իրականացմանը, սակայն քաղաքացին չի ենթարկվել օրինական պահանջին՝ շարունակելով խոչընդոտել նրանց կողմից վարչարարության իրականացմանը:
Արդյունքում, պարեկային ծառայողները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ հակաիրավական վարքագիծ դրսևորելու համար պատժելու նպատակով բռունցքով հարվածներ է հասցրել իրենց իրավազորության տակ գտնվող, ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ, բացի այդ, ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս:
Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: