
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: