Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Պերվիս Էստուպինյանը «Բրայթոնից» տեղափոխվել է իտալական «Միլան»: Ինչպես հայտնում է «Միլանի» պաշտոնական կայքը, Էստուպինյանը պայմանագիր է կնքել «ռոսոներիների» հետ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:

Պաշտպանը ծնվել է 1998 թվականի հունվարի 21-ին Էկվադորի Էսմերալդաս քաղաքում: Ֆուտբոլային կարիերան սկսել է «Կիտո» ակումբի երիտասարդական թիմում: 2015 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով 45 խաղի: Այնուհետև խաղացել է իսպանական մի շարք ակումբներում՝ «Գրանադա», «Ալմերիա», «Մալյորկա», «Օսասունա», իսկ ավելի ուշ միացել է «Վիլյառեալին», որի կազմում անցկացրել է 74 հանդիպում և նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը:

2022 թվականին Էստուպինյանը տեղափոխվել է Անգլիա՝ միանալով «Բրայթոնին»: Երկու մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 104 խաղի՝ խփելով 5 գոլ: Նախորդ մրցաշրջանում նա խաղացել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:

Էստուպինյանը Էկվադորի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին: Ներկայում նրա ակտիվում կա 48 հանդիպում և 4 խփած գոլ:

«Միլանը» հայտնել է, որ Էստուպինյանը հանդես կգա 2 համարի մարզաշապիկով:

Հավելենք, որ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի վերջին:

Աղբյուրը`ArmSport.am

 

194